«ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,- երեկ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առանց չափազանցության՝ այս հայտարարությունը նույնքան արկածախնդիր և վտանգներով լեցուն է, որքան «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության ամփոփումն էր:
Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե մեր խոսքից ու կեցվածքից ոչինչ կախված չէր, պատերազմ միևնույն է՝ լինելու էր, կամա թե ակամա կասկածի տակ են դնում մեր պետականության գոյությունը:
Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրության, Ադրբեջանին, Թուրքիային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նետված ձեռնոցի հետևանքը դարձավ Արցախի կորուստը:
Նրա երեկվա հայտարարությունը խտացնում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի մտադրությունը:
Դրա հետևանքը վճարելու է Հայաստանը՝ իր տարածքների և ինքնիշխանության հաշվին:
Փաշինյանը գիժ չի, Փաշինյանը խելագար չի. նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանին ուղղված սպառնալիքները բխում են ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից և Թուրքիայից:
Բայց նա այլ հռետորաբանությամբ չի կարող հիմնավորել, թե ինչու է մտադրված հայ- իրանական սահմանից հանել ռուսական զորքերը՝ Վաշինգտոնի հորդորով և պահանջով:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ